Աղձքում պատմամշակութային արգելոց կստեղծվի։ Այսպիսի որոշում ընդունեց այսօր կառավարությունը հերթական նիստում։
Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար, 364 թվականին: Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։
«Զբոսաշրջության կամ տուրիզմի ժամանակակից արդյունաբերությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ամենախոշոր, արդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Շահութաբեր այս ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համամասնական զարգացման վրա: Հայաստանը հանդիսանում է հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող, սակայն միջազգային տուրիզմի շուկայում չափազանց համեստ տեղ գրավող պետություն»,- ասված է որոշման նախագծում:
Նշենք, որ հարցը տեղ է գտել կառավարության 2021-2026 թթ ծրագրի մեջ։