Հունիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա KVart անսամբլը։
Կամերային երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող կազմ՝ ֆլեյտա, ջութակ, ալտ և թավջութակ։ KVart անսամբլը կներկայացնի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ֆլեյտայի կվարտետները, որոնք ուրույն տեղ են զբաղեցնում եվրոպական կամերային երաժշտության երկացանկում։
«KVArt» անսամբլի նպատակն է Մոցարտի K.V. 285 ցիկլը ունկնդրին ներկայացնել որպես լիարժեք կամերային ստեղծագործություն, առանց չափազանցությունների՝ պահպանելով կլասիցիզմի դարաշրջանին բնորոշ ոճային առանձնահատկությունները և բացահայտել Մոցարտի երաժշտության բոլոր թաքնված շերտերը:
«KVArt» անսամբլի կազմում հանդես են գալիս երաժիշտներ Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Նարեկ Սահակյանը (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյանը (ալտ), Վահե Դանիելյանը (թավջութակ): Նշենք նաև, որ բոլոր երաժիշտները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամներն են։