Թբիլիսիում երեկ՝ մայիսի վերջին կիրակի օրը, նշել են սայաթնովյան «Վարդատոնը»։ Ամեն տարի այդ օրը Թբիլիսիում այն նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր: Այս մասին հայտնում է վիրահայ մամուլը։
Ինչպես ընդունված է տարիներ շարունակ՝ Վարդատոնի մասնակիցները Հովհաննես Թումանյանի տնից երթով իջել են Սայաթ-Նովայի հուշակոթողի մոտ, վարդեր խոնարհել։ Ապա շարժվել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել աշուղի հիշատակին։
Նշենք, որ Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Առ այսօր այն նշվում է մեծ շուքով։ Թբիլիսի են գալիս հյուրեր ողջ աշխարհից, քաղաքամայր Երևանից։
Ի դեպ՝ Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը» Թբիլիսիում մեկնարկեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում Անմահ աշուղի 300-ամյակին նվիրված «Երգարանի» շնորհանդեսով:
Շնորհանդեսին ներկա էր երգիչ-մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Մուշեղ Հարությունյանը: Վերջինս կազմել էր Սայաթ-Նովայի «Երգարանը» և այն արդեն իր ընտրանիով ներկայացրել հանրությանը:
Երգարանը, որն ունի նաև տողացի փոխադրություններ, ընդգրկում է Սայաթ-Նովայի 28 տաղ, ընդ որում, երկու տաղը նաև վրացերեն տարբերակով: