Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Բանվորի արձանը. Post Scriptum ցուցահանդեսը, հայտնում են պատկերասրահի Facebook-յան էջում։
1982 թվականին «Բանվորի արձանը»՝ 11-մետրանոց թուջե «հսկան», տեղադրվեց Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում։
Ըստ հեղինակի՝ անվանի քանդակագործ Արա Հարությունյանի (1928–1999) մտահղացման, «Փառք աշխատանքին» կամ, ժողովրդական անվանումով, «Բանվորի արձանը», ներկայացնում էր աշխատավոր մարդուն և դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայի կերպարն էր՝ հայացքն ուղղած դեպի Արարատ:
1997 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, հանրության կողմից սոցիալիստական դիտված հուշարձանը ապամոնտաժվեց և անհետացավ մեկ գիշերվա ընթացքում: Հեղինակն իր ստեղծագործության կործանման մասին տեղեկացավ միայն առավոտյան, և դա ծանր անդրադարձավ նրա առողջության վրա։
2004 թվականին գտնվեցին «Բանվորի արձանի» հատվածները, իսկ տարիներ անց՝ 2011 թվականին, «Արտ լաբորատորիա» արվեստագետների միավորման շնորհիվ «Բանվորի» կերպարը դուրս բերվեց մոռացությունից՝ «Գործարանային» կայարանի հարակից պատին փակցվեց ամբողջ հասակով արձանի պաստառը։
Ազգային պատկերասրահում առաջին անգամ կցուցադրվեն հուշարձանի մոնումենտալ հատվածները:
Բովանդակային առումով բացառիկ այս ցուցադրության կոնցեպտուալ հիմքում մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և վերարժևորման հրամայականն է:
Ցուցահանդեսի համադրողը Մարիամ Դավթյանն է։Ցուցահանդեսը կգործի հունիսի 1-ից։ Մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից։