Հունիսի 25–ին մեծ հանդիսավորությամբ նշվել է Կապանի գլխավոր սրբավայրի՝ Վահանավանք վանական համալիրի հիմնադրման 1111–ամյակը։ Տոնը խորհրդանշական էր նրանով, որ այսօր նշվել է նաև վանական համալիրի ուխտի օրը։ Վաղ առավոտյան, հարյուրից ավելի ուխտավորներ, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և հոգևորականների ուղեկցությամբ՝ ոտքով հաղթահարել են Վահանավանքի բարձունքն ու մասնակցել տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին։
Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հատկապես կարևորել է Վահանավանքի դերը՝ որպես Կապան աշխարհի պատմամշակութային կարևորագույն արժեք և ի հակադրումն թշնամու հայտարարությունների՝ տարածաշրջանի հայկականությունը ապացուցող պատմական վկա։ «Մեկ անգամ չէ, որ թշնամին խեղաթյուրում է պատմական ակնհայտ փաստերը՝ մասնավորապես օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը։ Այն, ինչ Վահանավանքի վանական համալիրը այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել»,–ասել է նա։