Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այս մասին հայտնում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը։
Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍՆ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասված էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ ս/թ հուլիսի 7-ին ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում էր դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։