Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 25-ին կկայանա երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված համերգ։ Այս մասին հայտնել են «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» անդամները։
Առաջին մեծ ծրագիրը Հայկոյին նվիրված համերգներն են՝ օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, Երևանում և սեպտեմբերի 20-ին` ԱՄՆ-ում։ Միջոցառումը կրում է «Սիրո հավերժ երգիչ» խորագիրը։ Հայկոյին նվիրված առաջին մեծ համերգներն ազդարարում են «Հայկո Մյուզիք Ֆեսթ» ամենամյա փառատոնի մեկնարկը:
Օգոստոսի 25-ին կայանալիք համերգին ներկա կլինեն անվանի արտիստներ, երաժիշտներ, հյուրեր արտերկրից:
Միջոցառման կազմակերպիչները երաժշտական պրոդյուսերներ Արաքսյա Մուշեղյանը և Կարեն Սևակն է։
Նշվում է, որ տոմսերի վաճառքի հասույթն ուղղվելու է հիմնադրամի հետագա ծրագրերին:
Նշենք, որ երգչի անվան հիմնադրամի ստեղծման առաջարկությունը ռուսաստանաբնակ հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր Արթուր Ջանիբեկյանինն է։ Հիմնադրամի հիմնական նպատակը արտիստի մշակութային գործունեության հանրահռչակումն ու տարբեր մշակութային և կրթական ծրագրերի իրականացումն է։
Հայկոն հայկական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից է։ 2006 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
2021 թ. սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով՝ ծանր վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից՝ թոքերի 80% ախտահարմամբ։ Նա 44 տարեկան էր։
Հայկոյի վերջին ստեղծագործությունը՝ «Թռիչք վերջին անգամ» երգի պրեմիերան տեղի ունեցավ այս տարվա հունվարին։