Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը ցուցադրվելու է «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի» շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը:
Նշենք, որ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Հիշեցնենք, որ «Զուլալին» նկարահանվել է Նարինե Աբգարյանի համանուն վեպի հիման վրա: Այն մեծ էկրան է բարձրացել հոկտեմբերի 21-ին:
«Զուլալի»-ն ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում։