Սեպտեմբերի 8-ին լրացավ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր ՕհանԴուրյանի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարՎահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Օհան Դուրյանի այրին՝ Ալիս Դուրյանը, հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, հոբելյանական հանձնաժողովի անդամներ, պետական, հասարակական, մշակութային գործիչներ, մտավորականներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կիսվել է իր հիշողություններով և պատմել որոշ դրվագներ Օհան Դուրյանի մասին. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, քանի որ նշում ենք Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Ես այն բախտավորներից մեկն եմ, ով հնարավորություն և պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել Մաեստրոյին, շփվել նրա հետ: Նա իր կյանքում երբևէ չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր»:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով ներկաներին,նշել է, որպանթեոնը մի սրբավայր է, որտեղ ննջում են մեր մեծերը, և այսօր բոլորը հավաքվել են իրենցխոնարհումը բերելու Օհան Դուրյանի՝ մի անհատականության հիշատակի հանդեպ, որի անցած ուղին, ստեղծագործական տաղանդը, արտիստիզմը, քաղաքացիական նկարագիրը և իր միջավայրի հանդեպ պատասխանատվությունըշարունակում են հիացնել և ոգևորել մինչ օրս։
«Օհան Դուրյանի մասին խոսելիս դժվար է օգտագործել սովորական դարձած բառեր, որովհետև անսովոր էր ինքը՝ իր կեցվածքով, եռանդով և վաստակով։ Օհան Դուրյանն արժեք էր ոչ միայն մեր շրջանում, այլև միջազգային երաժշտական հանրության շրջանում։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ մեծանուն Մաեստրոն համագործակցել է ավելի քան հարյուր նվագախմբերի հետ, որոնց թվում քիչ չեն աշխարհահռչակ համբավ ունեցող նվագախմբերը։ Նրա ղեկավարությամբ հայ կատարողական արվեստը դասական նվագացանկում հասել է մեծ բարձունքների, նվաճել աննախադեպ որակներ»,-մասնավորապես ընդգծել է նախարարը։