Ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլի` Բաքվում նոյեմբերի 15-ին կայանալիք համերգը չեղարկվել է։ Երգչուհին Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել է հայկական եռագույնը՝ աջակցություն է հայտնել հայերին։ Գրառմամբ երգչուհին նշել է՝ «Հայերի կյանքը կարևոր է»
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 32 մարմին։ ՔԿ-ի ղեկավար Արգիշտի Քյարամյանի փոխանցմամբ՝ քաղաքացիական անձանց շրջանում 2 զոհ ունենք։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։
։