Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքում անցկացվել է հայկական մշակույթի փառատոն, որը նվիրված էր ՀՀ անկախության օրվան, ինչպես նաև ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը։
Փառատոնի շրջանակներում կայացել է հայ և ճապոնական փոխանակումներին նվիրված համերգ, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանի պատմությանը, զբոսաշրջությանը և մշակույթին վերաբերվող տարբեր նյութեր, Ճապոնիա ներկրվող հայկական ապրանքներ և այլն: Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև տեղական երգչախմբի կողմից կատարվել է «Երևան-Էրեբունի» երգը:
Միջոցառման ավարտից հետո քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընդունելությանը ելույթով հանդես է եկել դեսպան Արեգ Հովհաննիսյանը: ՀՀ դեսպանը նշել է, սեպտեմբերի 12-13-ն Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում գուցե նպատակահարմար էր հետաձգել միջոցառումը, սակայն, հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները միտված են վերացնելու նաև հայկական մշակույթը և վերջինիս բոլոր դրսևորումները լայն իմաստով՝ վերոնշյալ փառատոնը անհրաժեշտ էր անցկացնել՝ ի հակազդումն Ադրբեջանի հիշյալ մտադրություններին և վերջինիս հայատյաց քաղաքականությանը՝ փաստելով, որ հայ ժողովուրդը հազարամյակներով ապրել և ստեղծել է մշակութային արժեքներ, որոնք բարձր են գնահատվում աշխարհի բոլոր անկյուններում և միջոցառումը գալիս է փաստելու, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայ ժողովրդի համար մնալու են բարձրագույն արժեքներ: