Գրքի երևանյան փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է, որն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:
Գրքի երևանյան փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։
Տարվա ամենասպասված գրական իրադարձությունը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2): Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Սպասվում է նաև բացառիկ -40% զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: