Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի ամուսնության ճանապարհը հեշտ չի եղել: Նոր հարցազրույցում երգչուհին պատմել է դերասանի հետ իր վերսկսված սիրավեպի մասին և վերհիշել այն ցավը, որն ապրել է 2004 թվականին իրենց հարաբերությունների խզման պատճառով, հայտնում է Sky News-ը։
«Մեր բաժանումը ցավալի էր։ Երբ 20 տարի առաջ չեղարկեցինք հարսանիքը, դա իմ ամենամեծ վիշտն էր։ Անկեղծ ասած՝ թվում էր, թե մահանում եմ։ Բայց հիմա՝ 20 տարի անց, այս պատմությունն իսկապես երջանիկ ավարտ ունեցավ»,- ասել է 53-ամյա Լոպեսը։
Ջեյ Լոն հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել նոր ալբոմ՝ «This Is Me… Now» անվանմամբ, որը 2002 թվականին թողարկված իր «This Is Me… Then» ալբոմի թարմացված տարբերակն է։
«Ալբոմի ամբողջ ուղերձը հետևյալն է. «Սերը գոյություն ունի. Սա իսկական սեր է»: Եթե դուք ինձ նման կորցրել եք հույսը, հիասթափվել, ապա հիշեք, որ կա իսկական սեր, և որոշ բաներ հավերժ են, և սա իրական է: Ես ուզում եմ այս ուղերձը հասցնել ամբողջ աշխարհին, և դա մեծ ուժ է պահանջում»,- ասել է Լոպեսը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի միջև կրկին զգացմունքներ են բռնկվել բաժանումից գրեթե 20 տարի անց: Երգչուհու խոսքով՝ իրենց հարաբերություններն այն չեն, ինչ եղել են նախկինում։ «Դա ամենևին էլ այն չէ, ինչ եղել է տարիներ առաջ։ Մենք ավելի շատ գնահատում ենք միմյանց: Քո սիրելիի կողքին լինելու երկրորդ հնարավորություն ունենալը հազվագյուտ հնարավորություն է», – ավելացրել է նա: