Պարզվել են Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկ: Հիշյալ վայրում նկատելով Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ գետնին ընկած ամրանների մոտից վերցրել է մուրճը, մոտեցել հուշարձանին և հարվածել Լեոնիդ Ազգալդյանի դիմապատկերով հուշարձանի քթի հատվածին, կոտրել այն ու դիմել փախուստի՝ պատճառելով 3 500 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է։ Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով: