«The Artfor’s-արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր» առցանց բարեգործական աճուրդն ավարտվել է, որի ընթացքում նկարների վաճառքից ավելի քան 3 միլիոն դրամ է հավաքվել: Այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:
«Աճուրդը կազմակերպվել է հանուն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի: Այն մեկնարկել էր դեկտեմբեի 11-ին։ Մեկ շաբաթ շարունակ մեր հայրենակիցները Հայաստանից և սփյուռքից ուշի-ուշով հետևել են օնլայն հարթակին, նոր գին առաջարկել իրենց սիրելի արվեստի գործը ձեռքից բաց չթողնելու և բարեգործություն անելու համար»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ վաճառվել է 30 նկար՝ $7,850 (3,111,662 ՀՀ դրամ) ընդհանուր արժողությամբ, որից $4,100 (1,625,199 ՀՀ դրամ)՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և $3,750 (1,486,463 ՀՀ դրամ)՝ Վահե Մելիքսեթյան հիմնադրամի: Վահե Մելիքսեթյան հիմնադրամի նկարների վաճառքից ստացված գումարի շուրջ 20%-ը կնվիրաբերվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին. մասնավորապես՝ ավելի քան 4400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զինհաշմանդամություն ստացած զինծառայողների։
«Չնայած աճուրդն ավարտվել է, սակայն նկարները դեռևս հասանելի են հարթակում, և Դուք հնարավորություն ունեք ձեռք բերել արվեստի յուրահատուկ գործեր։ Ամբողջական կատալոգը հասանելի է աճուրդի կայքում՝ theartfors.com»,- ասված է հայտարարությունում։