Ամփոփելով գրական-մշակութային նորությունները՝ Armenia Today-ի խմբագրակազմը մեկտեղել է հայ ժամանակակից հեղինակների թոփ-5 գրքերը, որոնք լույս են տեսել 2022-ին և արժանի են կարդալու:
Նարինե Աբգարյան. «Գույնի լռությունը»
Նարինե Աբգարյանի պատմվածքը բարի, երջանիկ, դժբախտ, իմաստուն, անլուրջ մարդկանց մասին է: Ստեղծագործության հերոսներն ապրում են Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Իտալիայում։ Նրանցից յուրաքանչյուրը, գրողի հետաքրքրասեր հայացքի և պատմողի իր հանճարի շնորհիվ, մեզ ընկղմում է իր տիեզերքի մեջ և տալիս իր սիրո մի կտորը: Յուրաքանչյուր պատմության էպիկենտրոնում ուժեղ, վառ հերոսուհին է, որը պատրաստ է իր սիրո ողջ ուժը բառացիորեն նվիրել իր հարազատներին ու մտերիմներին:
Մարինե Խաչատրյան. «Հավերժության ճանապարհին»
Մարինե Խաչատրյանի «Հավերժության ճանապարհին» գիրքը նվիրված է Ախուրյան համայնքի Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի՝ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված 24 հայորդիներին: Գրքում մանրամասն նկարագրված է յուրաքանչյուրի կյանքի ու մարտական փառքի ուղին: Կենսապատումներն ավարտվում են տեսաշարերով, որոնք ստեղծվել են հերոսածին մայրերի ու հարազատների, զինակից ընկերների հուշերի հիման վրա։
Համլետ Առաքելյան. «Անմահների ակադեմիա»
Արեգն ու Արան երևանյան համալսարանում ուսուցանելու առաջին տարվա ընթացքում ծանոթանում են տիկին Տարտարոսյանի՝ Անմահության հիմունքների դասախոսի հետ: Նրանք սկսում են գնալ անմահության գաղտնի
հավաքների, որոնց նպատակը Վիեննայի Անմահության ակադեմիա ընդունվելն է: Դրա համար նրանք պիտի անցնեն անմահության մի քանի հարթակներով, չշեղվեն անմահական ճանապարհից: Հստակ թվացող ուղին, սակայն, կասկածի տակ է դրվում, երբ Արեգը բացահայտում է Հայկի մատյանը, որ նախահոր թողած ուղեցույցն է դեպի Նրա աշխարհ:
Մարիաննա Շահինյան. «Վերելքի ճանապարհ»
«Վերելքի ճանապարհ» գիրքը «Առաջնագծի մարտիկ» և «Երդվյալը (Ջաբրայիլի արծիվը)» գրքերի հեղինակի՝ Մարիաննա Շահինյանի անձնական փորձառության պատմությունն է ժամանակակից կյանքի վայրիվերումների, հասարակության մեջ սեփական դիրքը հաստատելու ճանապարհին։
«Ձեզ ընձեռված ոչ մի հնարավորություն բաց մի թողեք: Օգտագործեք ամեն մի առիթ նոր վերելքի համար, որովհետև երբեք չեք իմանա՝ որտեղ կհաղթեք և որտեղ կգտնեք ձեր երջանկությունը: Իսկ պարտությունը համարեք նոր հաղթանակի ձգտելու ազդակ, ավելի ուժեղ ու ինքնավստահ դառնալու մարտահրավեր»,-ասում է հեղինակը:
Սյունե Սևադա. «Աղի թեյ»
«Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու երաժշտություն։ Առանցքում մարդն է, որը փորձում է գտնել իրեն ու փրկվել՝ ի հեճուկս դժվարությունների: