Այսօր Ազնավուրյանների գերդաստանի ամենաավագ ներկայացուցիչը՝ արտիստ Աիդա Ազնավուրյան-Կառվարենցը, դառնում է 100 տարեկան։ Այս մասին
հայտնում է Ազնավուր հիմնադրամը:
«Քրոջս հետ որոշել ենք, որ 100 տարեկանի շեմն անցնելու ենք։ Պայմանավորվել ենք։ Նա իրավունք չունի պայմանը խախտելու, ու ես էլ իրավունք չունեմ»,- իր հայտնի հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը։ Սիրելի՜ Շառլ, քույրիկդ պահել է իր խոստումը…
Մեկ դար ապրած Աիդա Ազնավուրը հայ փախստականներ Միշա և Քնար Ազնավուրյանների դուստրն է։ Հայոց Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի առաջնեկ Աիդան ծնվել է Հունաստանում 1923 թվականի հունվարի 13-ին։ Այնուհետև Ազնավուրյանները տեղափոխվել են Փարիզ, որտեղ մեկ տարի անց ծնվել է Շառլ Ազնավուրը։
Աիդան ու Շառլն անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին երազել են մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը, միասին ապրել բոլոր ուրախություններն ու տրտմությունները, ստեղծագործել, ճամփորդել ողջ աշխարհով մեկ ու եղել իրար թևութիկունք։ Շառլ Ազնավուրին նվիրված իր «Ափարիկս» (փոքր եղբայր) գրքում Աիդա Ազնավուրը պատմում է իր և եղբոր մտերմության ու արկածներով լի կյանքի մասին։