Համո Բեկնազարյանն ու նման անունները մեր անձնագիրն են դեպի մեծ աշխարհ, այս մասին հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկա էր Հայաստանի կինոգործիչների միության «Բուխարու սրահում» տեղի ունեցած «Համո Բեկնազարյան» պատկերագրքի շնորհանդեսին, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և «Աջակցություն հոբելյանական նախագծերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը: Հայ կինոյի 100-ամյակին նվիրված գիրք-ալբոմը ներկայացնում է հայկական տեսողական մշակույթի հսկաներից մեկի՝ ազգային կինեմատոգրաֆի հիմնադիր Համո Բեկնազարյանի կյանքի և ստեղծագործության լեգենդար ուղին: Պատկերագիրքը կազմել են Զավեն Բոյաջյանը և Ռուզաննա Բագրատունյանը:
«Գրքի լույսընծայումն անձնական և հանրային ձեռքբերում եմ համարում, որովհետև Համո Բեկնազարյանն ու նման անունները մեր ելքի վիզաներն են, մեր անձնագիրը դեպի մեծ աշխարհ, մեծ իրականություն: Մենք ունենք երևելի արժեքներ, որոնք իսկապես միջազգային նշանակություն ունեն կամ գոնե աշխարհին հետաքրքիր են որպես անհատներ, որոնք ապահովել են այս կամ այն երկրի մասնակցությունը համաշխարհային մեծ գործընթացներին: Համո Բեկնազարյանն այդ անուններից է»,- ընդգծել է Խզմալյանը:
Նրա տեղեկացմամբ՝ պատկերագիրքը տարածվելու է միջազգային կարևորագույն հարթակներում՝ հայագիտական կենտրոններում, դիվանագիտական օղակներում, արտերկրի գրադարաններում: Նախատեսվում է գրքի էլեկտրոնային տարբերակները տարածել ու դիրքավորել համաշխարհային տեղեկատվական հարթակներում:
Զավեն Բոյաջյանը Բեկնազարյանի հուշերից զատ, որոնք վերցրել է կինոռեժիսորի ինքնակենսագրական գրքից, պատկերագրքում օգտագործել է նաև Կարեն Քալանթարի՝ Բեկնազարյանին նվիրված մենագրությունից դրվագներ, կինոգիտության կարևորագույն դեմքերի՝ Սաբիր Ռիզաևի, Գրիգոր Չախիրյանի, Սուրեն Հասմիկյանի դիտարկումները:
Գիրքը հանրագիտարանային բնույթ ունի. այն նաև ներկայացնում է առաջին տասնամյակների հայկական կինոն, դրա արշալույսը, հետագա տարիներն ու Բեկնազարյանի անցած ճանապարհը՝ սկսած ծննդյան օրվանից մինչև մահ: Գրքում տեղ գտած լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ: Լուսանկարների մեծ մասը տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
Երեկոն եզրափակվել է Գարեգին Զաքոյանի «Համո Բեկնազարյան. մենախոսություն» ֆիլմի ցուցադրությամբ, որը Բեկնազարյան մեծ անհատի կյանքի ու գործի վավերագրությունն է: