Մարտի 13-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում տեղի է ունեցել ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Ինչպես հայտնում է ABC-ն, հայտնի են 95-րդ «Օսկարի» հաղթողները։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Դեն Քվանի և Դանիել Շայներտի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարը: Շայներտին և Դանիել Քվանին հաղթել են նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար:
«Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը նվիրված է մի կնոջ, որը կարողանում է տեսնել իր տարբերակները զուգահեռ իրականությունում և շարժվելով դրանց միջև՝ փորձում է փրկել դրանք կործանումից։ Ֆիլմը թողարկվել է 2022 թվականի գարնանը և հավաքել է ավելի քան 103 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ դառնալով ամենահաջող նախագիծը A24 ստուդիայի պատմության մեջ։
«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Միշել Յեոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար: Յեոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանանում է «Օսկարի»: Յեոն մրցում էր Քեյթ Բլանշեթի («Tar»), Միշել Ուիլյամսի («Ֆաբելմանս»), Անդրեա Ռայզբորոյի («Լեսլի») և Անա դե Արմասի հետ, որը Մերիլին Մոնրոյի դերում է «Շիկահերը» ֆիլմում։
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթողի մրցանակին է արժանացել Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետը» ֆիլմի համար: Ֆիլմը պատմում է Չարլի անունով գեր տղամարդու մասին, որը վաղուց լքել է իր ընտանիքը։ Մահվան շեմին նա փորձում է նորից կապ հաստատել իր դեռահաս դստեր՝ Էլլիի հետ, որին մի քանի տարի չի տեսել։
«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել CNN-ի նկարահանած «Նավալնի» ֆիլմը։ Այն ռուս ընդդիմադիր գործիչ, բանտում գտնվող Ալեքսեյ Նավալնիի մասին է։