Կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի քույրը՝ դաշնակահար Իվ Էգոյանը (Կանադա) համերգով հանդես կգա «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի շրջանակում։
Ապրիլի 3-ին, ժամը 19:30 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Իվ Էգոյանը կներկայացնի Մայքլ Ֆիննիսսի (1946, Անգլիա), Լինդա Քեթլին Սմիթի (1957, ԱՄՆ), ինչպես նաև սեփական ստեղծագործությունները։ Ապրիլի 4-ին, ժամը 11:00 Էգոյանը վարպետության դաս կներկայացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
«Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։
Փառատոնը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 3-26-ը, կներկայացնի 7 համերգ, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։
Իվ Էգոյանը միջազգային ճանաչում վայելող դասական արտիստ է։ Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հեղինակային, ինչպես նաև մի շարք ժամանակակակից կոմպոզիտորների՝ հատուկ իր համար գրված ստեղծագործությունները։ Արտիստների հետ համագործակցություններից բացի՝ իր համերգներում լայնորեն կիրառում է նորագույն տեխնոլոգիաները դաշնամուրի հետ զուգորդմամբ։