Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կանցկացնի Զատկի փառատոնի եզրափակիչ համերգը, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը:
Համերգին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Կրքեր ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը: Որպես մենակատարներ հանդես կգան Ջեսիկա Նայլսը, (սոպրանո, ԱՄՆ), Մոյրա Թերիզ Քարմեկը, (մեցցո սոպրանո, ԱՄՆ), Կայ Կլուգենը, (տենոր արիաներ, Գերմանիա), Էըրոն Շիհընը, (տենոր, ԱՄՆ), Ալլեն Բոքսըր, (բաս, արիաներ), Միլան Սիլյանովը, (բաս Հիսուս): Համերգը տեղի կունենա դիրիժոր Քրիստոֆ Կոնցի (Ավստրիա) ղեկավարությամբ:
Համերգը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 18:00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Տոմսերի արժեքը 3 000-ից 10 000 դրամ է:
«Չարչարանքները ըստ Մատթեոսի» օրատորիայի առաջին հաստատված կատարումը տեղի է ունեցել 1727 թվականի ապրիլի 11-ին՝ Ավագ ուրբաթ օրը, Լայպցիգի Սուրբ Թովմաս եկեղեցում։ Սա Բախի ամենաբարդ և ծավալուն ստեղծագործությունն է և նրա հոգևոր ժառանգության և ընդհանրապես բարոկկո դարաշրջանի հոգևոր երաժշտության գագաթնակետն է:
Ստեղծագործությունը մի քանի անգամ կատարվել է Բախի կենդանության օրոք, բայց կոմպոզիտորի մահից հետո (1750) մոռացության է մատնվել, ինչպես նրա գրեթե բոլոր գործերը։ Միայն մոտ ութսուն տարի անց՝ 1829 թվականի մարտի 11-ին, քսանամյա Ֆելիքս Մենդելսոնը Բեռլինի «Վոկալ արվեստի ակադեմիայում» կրկին ներկայացրեց «Կիրք ըստ Մատթեոսի» օրատորիան՝ ղեկավարելով չորս հարյուր հոգուց բաղկացած երգչախումբ և նվագախումբ։
Զատկի փառատոնի շրջանակներում ապրիլի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի համերգը: