Ամերիկացի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հորդորել է չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին։ Նա Instagram-ում լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդից՝ արված 2019 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ։
«Այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է։ Եկեք միասին հիշենք իրենց կյանքը կորցրած 1,5 միլիոն մարդուն։ Երբեք մի մոռացեք»,- մակագրել է նա լուսանկարը։
2019 թվականի հոկտեմբերի 8-ին Քարդաշյանը Հայաստանում մկրտել էր իր երեխաներին՝ Սեյնթին, Չիկագոյին և Փսալմ Ուեսթին։ Արարողության համար նա ընտրել էր Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը՝ Վաղարշապատ քաղաքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքը։ «Ես հպարտ եմ, որ այստեղ եմ: Ուրախ եմ, որ Քորթնին այստեղ է: Ես ուրախ եմ, որ մենք մկրտեցինք մեր երեխաներին, լուսանկարվեցինք։ Այս համաժողովը լավ առիթ էր այստեղ գալու։ Ես այնքան հուզված եմ»,- ասել էր Քարդաշյանը։
Ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այս օրը հայերը և ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ կատարված նողկալի ոճրագործության զոհերի հիշատակին, որը խլել է ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք: