Հունիսի 17-ին Երևանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Hauser-ը։
Մենահամերգը կկայանա «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Կազմակերպիչները յուրահատուկ համերգային երեկո են խոստանում․ դասական, ռոք և լատինաամերիկյան ռիթմեր` թավջութակի հնչյուններով:
Ստեփան Հաուսերը ծնվել է 1983թ. հունիսի 15-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել «Ալբերտ» թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան և Սենթ-Ջեյմս պալատներում։
Հաուսերը համաշխարհային մի շարք մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Ջորջ Մայքլի, Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերի, U2, Red Hot Chili Peppers խմբերի և հայտնի այլ կատարողների հետ:
«Մենք ստեղծում ենք հույզեր, միավորում մարդկանց, ջնջում նրանց միջև եղած սահմաններն ու խախտում բազում կարծրատիպեր։ Եթե այցելեք մեր համերգին, կհամոզվեք, որ մեր հանդիսատեսի մեջ կան բոլոր կատեգորիաների և տարիքի մարդիկ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հանդիսատեսն իրեն առանձնահատուկ զգա»,-ասել է Hauser-ը։