Հռոմեական Կոլիզեյն ավելի մատչելի կդառնա հաշմանդամություն ունեցող այցելուների համար. Իտալիայի խորհրդանիշներից մեկը վերելակով է համալրվել, հայտնում է «РИА Новости»-ն։ Ապակե վերելակը այցելուներին կտանի պատկերասրահի երկրորդ և երրորդ հարկերի միջև՝ վերականգնումից հետո հասանելի դարձած նոր տարածք:
Այն երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բացման արարողության ժամանակ ներկայացրել են Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն և Կոլիզեյի հնագիտական պարկի տնօրեն Ալֆոնսինա Ռուսոն։
Արարողությանը մասնակցել է նաև կինոդերասան Ռասել Քրոուն։ Մեծ հանդիսատեսի հետ նա կարողացել է լսել սիմֆոնիկ նվագախմբի մի քանի ստեղծագործություններ «Գլադիատոր» ֆիլմից, որտեղ Քրոուն խաղացել է իր ամենահայտնի դերը։
Կոլիզեյի շինարարությունը, որին մասնակցում էր ավելի քան 50 հազար մարդ, իրականացվել է ութ տարի շարունակ Ֆլավյան դինաստիայի հռոմեական կայսրերի օրոք։ Ողջ հին աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը սկսվել է կառուցվել 72 թվականին Վեսպասիանոս կայսեր օրոք, իսկ 80 թվականին այն օծվել է Տիտոս կայսրի կողմից։ Հին Հռոմում Ֆլավիական ամֆիթատրոնն օգտագործվում էր ժամանցային տեսարաններ կազմակերպելու համար, այդ թվում՝ հայտնի գլադիատորների մարտերը։
Այժմ Կոլիզեյը ոչ միայն շքեղ ճարտարապետական օբյեկտ է և հռոմեական ամենաճանաչելի տեսարժան վայր, այլև մշակութային խոշորագույն կենտրոն: Անցյալ տարի Կոլիզեյ է այցելել մոտ յոթ միլիոն մարդ՝ այն դարձնելով ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը: