Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում «Դասականներ» բաժնում տեղի է ունեցել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ․) ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ վերահաստատելով կինոաշխարհի մեծերի հետ նույն էկրանին ներկայացվելու մեր իրավունքը` Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Հայ կինոյի փառատոնային պատմության մեջ կես դար անց սա ֆիլմի վերադարձն էր աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոն, որտեղ «Բարև, ես եմ» ֆիլմը ներառված է եղել 1966թ․-ի մրցութային ծրագրում։ Ֆիլմը հանդիսատեսին ներկայացրել են «Դասականներ» ծրագրի համադրող Ջերալդ Դյուշասոն, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և խորհրդային կինոյի մասնագետ Ջոել Շապրոնը։ Ցուցադրությանը ներկա էր նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի «Marche du Film» կինոշուկային մասնակցությունը Հայ կինոյի 100-ամյակի պետական հոբելյանական ծրագրի շրջանակում է։
Ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է Արմենֆիլմ ստուդիայում։ Ֆիլմը մեծ տարածում է գտել խորհրդային տարիներին և հայկական և խորհրդային կինոյի դասականներից է։ Ֆիլմի վարկանիշը Kinopoisk-ում 7.6 է, IMDb-ում՝ 7.2։
Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Նատալյա Ֆատեևան, Մարգարիտա Տերեխովան։ Ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է հայ անվանի ֆիզիկոս, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր Արտյոմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։