Հուլիսի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմում փորձ է արվում համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի ամենադրամատիկ և նշանակալի դրվագները:
Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի ավելի քան 110 նվագախմբեր, որոնց թվում են Լայպցիգի աշխարհահիերառչակ Գևանդհաուսը, Բեռլինի, Դրեզդենի, Վիեննայի, Փարիզի, Ավինիոնի նվագախմբերը:
Կինոպատումն ունի լայն աշխարհագրություն` Երևան, Երուսաղեմ, Լայպցիգ, Փարիզ, Մոսկվա և Քեյփ Թաուն. սա Մաեստրոյի ստեղծագործական ուղու ընդամենը մի մասն է, որն անցնում ենք նորից՝ նպատակ ունենալով պահոցներում գտնել Դուրյանին նվիրված նյութեր, Մաեստրոյին գնահատող և նրա արվեստով հիացած մարդկանց:
Առաջին անգամ փորձ է արվում մանրամասն ներկայացնել նաև Օհան Դուրյանի հասարակական գործունեությունը, անարդարություն չհանդուրժող և ընդվզող կերպարը, որը ենթարկվել է հալածանքների՝ զրկվելով հայրենիքում ստեղծագործելու հնարավորությունից:
Ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ: