Հայաստանը նամականիշ է թողարկել՝ Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցների և խաչքարերի ոչնչացման թեմայով։
«Այսօր շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշով գեղաթերթիկ «Կրոն և մշակույթ. Մշակութային ոճիր» թեմայով: 940 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ջուղայի հայկական գերեզմանատունը, իսկ 950 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա՝ նույն գերեզմանատունը 2005 թվականին հայկական խաչքարերի Ադրբեջանի թիրախավորված ոչնչացումից հետո»,- ասված է հայտարարությունում:
Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված են Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանոցի XVI-XVIII դարերի բազում խաչքարերի ոչնչացման կադրեր: Գեղաթերթիկի վրա նաև նշված են «Ջուղայի հայկական գերեզմանատուն» և «XVI-XVIII դարերի հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջևանում» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նշվում է նաև, որ նամականիշների դիզայները Դավիթ Դովլաթյանն է։