57 տարեկան հասակում մահացել է իռլանդացի երգչուհի և կոմպոզիտոր Շինեյդ Օ’Քոնորը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Օ’Քոնորը բազմիցս պատմել է, որ պայքարում է հոգեկան հիվանդությունների դեմ, ինչպես նաև ինքնասպանության փորձեր է կատարել: Այս տարվա հունվարին նա Twitter-ի իր էջում գրել էր, որ մտադիր է հեռանալ կյանքից, քանի որ 17-ամյա որդու մահից հետո ապրելու իմաստ չի տեսնում։ Այդ գրառումից հետո նա ջնջել է իր օգտահաշիվը, ավելի ուշ վերականգնել այն և ներողություն խնդրել գրածի համար։
Օ’Քոնորի մահվան պատճառն ու վայրը հայտնի չեն։
1990 թվականին Օ’Քոնորը Grammy մրցանակ է ստացել «I Do Not Want What I haven’t Got» ալբոմի համար։ «Nothing Compares 2» երգը, որն ընդգրկվել էր այս ալբոմում, համաշխարհային հիթ է դարձել և իռլանդուհու ամենահայտնի գործերից մեկն է հանդիսանում։ Ընդհանուր առմամբ՝ Օ’Քոնորը 10 ալբոմ է ձայնագրել։
Նա չորս անգամ է ամուսնացել, ունի չորս երեխա։ 2022 թվականի հունվարին նրա 17-ամյա որդին՝ Շեյնը, ինքնասպան էր եղել, ինչի համար կատարողը մեղադրել էր հիվանդանոցի անձնակազմին, որտեղից իր որդին փախել էր ինքնասպանության երկու անհաջող փորձերից հետո։