Մի խումբ քաղաքացիներ որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնում է «Սրբազան Հայաստան» ֆեյսբուքյան էջը։
«2023թ. օգոստոսի 12-ին Իլյա Պրուսիկինը ցանկանում է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ իսկ պատճառով կա մտադրություն 09.08.2023թ. արդեն գրավոր հաղորդումը հանձնել դատախազությանը: Ովքեր ցանկանում են միանալ այս հաղորդմանը, նախաձեռնողները խնդրում են մինչև 09.08.2023թ. նշված
հղումով բացված էջում լրացնել անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, այնուհետև մկնիկի (հեռախոսի դեպքում մատի) օգնությամբ ստորագրել և սեղմել ուղարկել կոճակը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իլյա Պրուսիկինը մի քանի ամիս առաջ՝ Սուրբ Ծննդյան օրը, քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները։