Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար Է հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg)-ի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար: Որոշումը հավանության է արժանացել կառավարության նիստում։ Նշվում է, որ համերգը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում:
«Պահանջվող գումարը կկազմի 2,318,596,8 հազար դրամ (5,95 մլն դոլար)՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը» , – նշված է որոշման մեջ:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ վերջին տարիներին արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիությանն ու վարկանիշի բարձրացմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը և դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա:
Կառավարությունը արտիստի ընտրությունը պայմանավորել է նրանով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում և նրանով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր:
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը հայտարարել էր Instagram-ում, որ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենա Երևանում։ Կառավարությունից Armenia Today-ին հերքել էին Սնուփ Դոգի համերգի համար 23 միլիոն դոլար հատկացնելու սոցիալական ցանցերում տարածված լուրը: