Շատերը կհիշեն Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը, երբ մարդու փոխարեն դիմանկարը սկսեց ծերանալ՝ արտացոլելով գլխավոր հերոսի բոլոր մեղքերը։ Peopletalk.ru-ն ներկայացրել է կտավներին առնչվող առեղծվածային պատմություններ, որոնք հեշտությամբ կարող են մրցել գրական սյուժեի հետ:
«Ճիչ», Էդվարդ Մունկ
Էդվարդ Մունկի այս գլուխգործոցի հետ կապված շատ տարօրինակ պատմություններ կան: Նախ՝ նկարը երկու անգամ գողացել են՝ նախ 1994-ին, ապա 2004-ին։ Բայց սա ամենահետաքրքիրը չէ։ Թանգարանի պահապաններն ասում են, որ նկարչի այս աշխատանքն անիծված է: Մի անգամ անվտանգության աշխատակիցը պատահաբար գցել է նկարը: Նա չի տուժել, բայց իր մոտ այդ պահին սարսափելի գլխացավեր են սկսվել։ Ոչ մի դեղամիջոց չի կարողացել թեթևացնել դրանք, երկու տարի անց նա կախվել է։ Որոշ ժամանակ անց մեկն անզգուշորեն գցել է կտավն ու 2 օր անց մահացել է ավտովթարից։ Ի դեպ, թանգարանի աշխատակիցները, որոնք ստիպված են եղել երկար ժամանակ գտնվել այդ նկարի սրահում, բողոքել են անսպասելի առաջացած հոգեկան խանգարումից, դեպրեսիայից, գլխացավերից և նույնիսկ անքնությունից:
«Լացող տղան», Ջիովանի Բրագոլին
Ջովանի Բրագոլինը իտալացի նկարիչ է, որը հայտնի է դարձել լացող երեխաների նկարներով։ Աշխատանքներից մեկում, ըստ լեգենդի, պատկերված է նկարչի որդին։ Լաց լինելու համար Բրագոլինը լուցկիներ էր վառում երեխայի դեմքի առջև, թեև նա վախենում էր կրակից։ Արդյունքում տղան չի դիմացել և բղավել է։ 1980-ականներին հյուսիսային Անգլիայում մի շարք հրդեհներ են եղել և, ըստ չհաստատված փաստերի, բոլոր տներում հայտնաբերվել են այս նկարի վերարտադրությունները։
«Ջրաշուշաններ», Կլոդ Մոնե
Մեկ այլ նկար, որը ևս ենթադրաբար հրդեհներ է առաջացնում: Անախորժություններն սկսվել են իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի արվեստանոցում, որտեղ գլուխգործոցի վրա աշխատանքն ավարտելուց անմիջապես հետո հրդեհ է բռնկվել։
«Անծանոթուհին», Իվան Կրամսկոյ
Մինչ օրս անհասկանալի է, թե ով է այս խորհրդավոր կինը, որը միայն վիշտ էր բերում բոլոր նրանց, ովքեր գնում էին կտավը։ Մեկի տունն այրվել է, մեկը մահացել։ Կտավը ստեղծելուց մեկ տարի անց մահացել են նկարչի երկու որդիները։
«Ձեռքերը հակառակվում են նրան», Բիլ Սթոունհեմ
Այս նկարը իրավամբ կրում է «արվեստի մարդասպանի» կոչումը։ Հեղինակը կտավի հիմք է ընդունել իր մանկության լուսանկարը՝ քրոջ հետ։ Բանն այն է, որ Սթոունհեմը քրոջ փոխարեն սեւ աչքերով տիկնիկ է պատկերել, իսկ ֆոնի վրա ոչ թե գեղեցիկ բնապատկեր է եղել, այլ մանկական ափերով մութ դուռ: Նկարի բոլոր տերերին հետապնդում էին անհաջողությունները։ Առաջին գնորդը եղել է արվեստաբան և «Լոս Անջելես Թայմս»-ի սեփականատերը։ Նա մահացել է այն ձեռք բերելուց մի քանի շաբաթ անց։ Հետո նկարը գնել է դերասան Ջոն Մարլին, որը մահացել է սրտի վիրահատությունից հետո։ Որոշ ժամանակ անց կտավը գտել է մի տղամարդ լքված գարեջրի գործարանում, վերցրել այն և կախել սեփական դստեր ննջարանում։ Ասում են, որ առաջին իսկ գիշերը տանը տարօրինակ բաներ են կատարվել։ Այս տղամարդու դուստրը վազել է նրա մոտ՝ բղավելով, որ նկարում պատկերված երեխաները կռվում են, իսկ հաջորդ անգամ պնդել, որ նրանք դռան հետևում են:
«Վեներան հայելու դիմաց», Դիեգո դե Սիլվա Վելասկես
Առաջինը կտավը ձեռք է բերել մի վաճառական, բայց ծովահենները հարձակվել են նրա նավի վրա ու նա կորցրել իր ամբողջ գումարը։ Արդյունքում ստիպված վաճառել է նաև գլուխգործոց կտավը: Այն ձեռք է բերել նավահանգստի պահեստների սեփականատերը, բայց շատ շուտով պահեստում հրդեհ է բռնկվել, և ամեն ինչ այրվել է Դրանից հետո կտավը աճուրդում վաճառել են մեկ այլ մեծահարուստ տղամարդու, որին մի քանի օր անց սպանել են սեփական տանը։
«Մոգերի երկրպագությունը», Պիտեր Բրեյգել Ավագ
«Մոգերի երկրպագությունն» իր տերերին մահ, կործանում, հրդեհ չի բերել, բայց նկարը անպտղություն առաջացնելու հետ է ասոցացվում։ Մարիամ Աստվածածնին նկարիչը նկարել է իր զարմիկի հետ, որը չէր կարող երեխաներ ունենալ։ Այն տներում, որտեղ կտավը գտնվել է, կանանց մոտ առողջական խնդիրներ են սկսվել, ընդհատվել է հղիությունը։ Անեծքների շարքը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև կտավը գնեց ճարտարապետ Յակոբ վան Կամպենը, որն ուներ երեք երեխա։