Երեւանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» հարթակում տեղադրել է Շառլ Ազնավուրի հուշարձանի 37 էսքիզ, որոնցից լավագույնը կընտրեն քաղաքացիները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի կենտրոնը։
Քվեարկությունը կտևի մինչև օգոստոսի 31-ի ժամը 14:00-ն։ Շանսոնյեի հուշարձանը կտեղադրվի Սայաթ-Նովա-Մեսրոպ Մաշտոց պողոտաների խաչմերուկում։
Հուշարձանի տեղադրման գաղափարը հավանության է արժանացել մարտի 15-ին, այս առաջարկով քաղաքապետարան է դիմել «Ազնավուր» հիմնադրամը։
Ավելի վաղ մայրաքաղաքի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հուշարձանի քանդակագործը լինելու է Դավիթ Երեւանցին։