Համաշխարհային էստրադայի դասական, ֆրանսահայ մեծ երգիչ, դերասան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը»,-նշել են քաղաքապետարանում՝ տեղեկացնելով, որ նոր մրցույթ է հայտարարվելու։
«Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում»։
Նշենք, որ էսքիզները բացասական արձագանքի էին արժանացել հասարակության շրջանում։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ Երեւանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» հարթակում տեղադրել է Շառլ Ազնավուրի հուշարձանի 37 էսքիզ, որոնցից լավագույնը պետք է ընտրեին քաղաքացիները։ Այդ ժամանակ հայտարարվել էր, որ Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի Սայաթ-Նովա-Մեսրոպ Մաշտոց պողոտաների խաչմերուկում։
Մայիսին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ քանդակագործը կլինի Դավիթ Երևանցին։