Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ բացում է իր 98-րդ համերգաշրջանը, որի շրջանակներում մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ նվիրված մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին, հայտնում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայից։
Հայտնում են, որ փառատոնի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Դմիտրի Մասլեևը՝ դիրիժոր Վալենտին Ուրյուպինի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի թիվ 1 Սիմֆոնիան և Պրոկոֆևի Դաշնամուրի և նվագախմբի համար գրված թիվ 3 կոնցերտը: Փառատոնի նշանավոր իրադարձություններից են անվանի հայ մենակատար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում:
Շրջագայությունը կեզրափակվի երևանյան համերգով` սեպտեմբեր 28-ի՝ն «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգները կղեկավարի նշանավոր դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկին։
Հայտնում են նաև, որ 15-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում GRAMMY մրցանակակիր, ֆենոմենալ ջութակահար Ագուստին Հադելիխը հոկտեմբերի 2-ին Հայաստան բացառիկ համերգ կունենա, որը կղեկավարի մաեստրո Էդուարդ Թոփչյանը, իսկ աշխարհահռչակ օպերային երգիչ տենոր Ռամոն Վարգասը մենահամերգով հանդես կգա հոկտեմբերի 18-ին: Փառատոնի փակումը կնշանավորվի Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարմամբ: