Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված արիաները և նախերգանքներ համաշխարհային օպերային երգացանկից:
Ռամոն Վարգասն աշխարհի առաջատար օպերային երգիչներից է: 1992 թվականին Մետրոպոլիտեն օպերայում Լուչանո Պավարոտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո նա դարձել է աշխարհի գլխավոր թատրոնների ցանկալի հյուրը:
Դրան հաջորդել է նրան դեբյուտը Լա Սկալայում. այժմ Վարգասը մշտապես ելույթներ է ունենում Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Լոնդոնի Թագավորական թատրոնում, Լա Սկալայում, Մետրոպոլիտենում, Մադրիդի Թագավորական թատրոնում, Փարիզի Օպերա Բաստիլում, Սան Ֆրանցիսկո օպերայում, Վիեննայի պետական օպերային թատրոնում, Արենա դի Վերոնայում և այլուր: