Նոյեմբերի 11-ին Մոսկվայում, Ազգային տնտեսական նվաճումների ցուցահանդեսում, (ВДНХ) տեղի կունենա «Ոսկե նուռ» փառատոնը, որը կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը՝ Ազգային գործերի դաշնային գործակալության (ФАДН) և Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության աջակցությամբ, հայտնում է ՌԴ հայերի միությունը։
«Հայաստան» տաղավարի այցելուներին այդ օրն սպասվում է․
1. Բազմազան մշակութային ծրագիր 13.00-17.00։ Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն պարային և վոկալ խմբեր, ժողովրդական երաժշտության տաղանդավոր կատարողներ և գործիքավորողներ։
2. Նուռ նկարելու վարպետության դասեր։
3. Թեմատիկ ցուցահանդեսներ։
Եվ, իհարկե, հյութալի նռան հյուրասիրություն։
Բիզնես ծրագրի շրջանակներում մասնակիցները կկարողանան կիսվել Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների զարգացման գործում հասարակական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ իրենց գաղափարներով և առաջարկներով։
Միջոցառմանն ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի և Հայաստանի կառավարական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, ուսանողներ, մշակույթի գործիչներ։
«Ոսկե նուռ» փառատոնը Ռուսաստանի մայրաքաղաքում նշվում է 2005 թվականից։