Ամերիկացի արտ-դիլեր և հայազգի գալերիստ Լարի Գագոսյանն ընդգրկվել է արվեստի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց՝ «Business of Art Power List 2023»-ի վարկանիշում, հաղորդում է Observer-ը։
«Նրա ընկերության եկամուտները գնահատվում են տարեկան 1 միլիարդ դոլար, և նա ղեկավարում է 300 աշխատակիցների 19 պատկերասրահներում, յոթ երկրներում՝ պահպանելով 100 տոկոս սեփականությունը»,- գրում է թերթը:
Հրատարակությունը նշում է, որ 78-ամյա գալերիստը դեռ չի ընտրել պատկերասրահները ղեկավարելու իրավահաջորդ, «ինչը նշանակում է, որ վտանգված շատ բան կա»: Ըստ Observer-ի՝ նման իրավահաջորդ կարող է լինել Գագոսյան պատկերասրահի գործադիր տնօրեն Էնդրյու Ֆաբրիկանտը։ Միաժամանակ, թերթը գրել է Գագոսյանի լավատեսության մասին և նշել, որ նա մատը դրել է արվեստի շուկայի զարկերակի վրա, և «եթե Լարրին փռշտա, արվեստի շուկան գրիպ կընկնի»։
Հուլիսին The New Yorker-ը Գագոսյանին անվանել էր «աշխարհի պատմության մեջ արվեստի ամենամեծ դիլերը»: Թե ինչպես Գագոսյանը փոխեց արվեստի աշխարհը, կարդացեք մեր հոդվածում: