ԱՄՆ-ը 175․000 ԱՄՆ դոլար կհատկացնի՝ Շիրակի Երերույքի տաճարի պահպանության աշխատանքներին, հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը։
Դեսպանատնից հաղորդում են, որ նոյեմբերի 20-ին դեսպանությունում կազմակերպված միջոցառման ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նոր ծրագրի մեկնարկի մասին։ Հիմնադրամը հատկացնում է 175․000 ԱՄՆ դոլար կոնսերվացման դրամաշնորհ՝ Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։
«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով մեր ներդրումն ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», – ընդգծել է դեսպանը։
Ծրագրի մեկնարկն ազդարարելու նպատակով դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը ներկա էին մշակութային և կրթական ոլորտները ներկայացնող շուրջ 50 հյուրեր։ ՀՀ կառավարության անունից ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորում։
ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։