Նիդեռլանդներում նոյեմբերի 24-26-ը կանցկացվի «Պատկանելիության կինո» (Cinema of Belonging) փառատոնը` նվիրված հայկական կինոյի 100-ամյակին, հայտնում է Ամստերդամում միջոցառման կայքը։
««Պատկանելիության կինո»-ն նշում է հայ կինոյի հարյուրամյակը՝ ներկայացնելով բազմաթիվ կինոգոհարներ»,- ասվում է հայտարարության մեջ։ Փառատոնը կցուցադրի հինգ լիամետրաժ և մի քանի կարճամետրաժ ֆիլմ, այդ թվում՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»՝ վերականգնված 4K ձևաչափով (1965) և Աննա Մկրտումյանի «Թռիչք» (2018) կարճամետրաժ ֆիլմը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին։
Կազմակերպիչները նշել են նաև միջոցառման բարեգործական բնույթը և ընդգծել, որ «Կինոյի տոմսերից ստացված ողջ հասույթը կտրամադրվի արցախցի փախստականներին աջակցող հայաստանյան նախաձեռնություններին»:
Սեպտեմբերին հայկական ֆիլմերի փառատոն էր անցկացվել Լոս Անջելեսում: 2022 թվականին հայկական կինոյի 100-ամյակը ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան տարեթվերի օրացույցում: Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադրման տարեթիվը համարվում է 1923 թվականը, երբ Խորհրդային Հայաստանում կառուցվել է առաջին ազգային կինոստուդիան՝ «Արմենֆիլմ»-ը։ 1925-ին լույս էր տեսել Համո Բեկնազարյանի առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»։