Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում տեղի է ունեցել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի բացման պաշտոնական արարողությունը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Գերատեսչությունից փոխանցում են, որ ծրագրի շրջանակում Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները կարպետագործություն և գորգագործության դասընթացներ կանցկացնեն տարբեր տարիքի մասնակիցների համար:
Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Լեհաստանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, Լոձում Հայաստանի պատվո հյուպատոս Ռաֆալ Խոման, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի համակարգող Ագնեշկա Յեջեևսկա-Կուրեկը ներկայացրել է սրահում ցուցադրված «Թերեզա Սահակյան» հիմնադրամի բացառիկ գորգերի հավաքածուն, վերջինիս պատմությունը, ինչպես նաև ընդգծել Լեհաստանում նմանօրինակ կրթական ծրագրի իրականացման կարևորությունը։
Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը նշել է՝ ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես` գորգագործության հանրահռչակումն է, Վարշավայի հայկական համայնքում մշակութային ժառանգության իրազեկումը, փոխանցումն ու տարածումը: