Թբիլիսիի տներից մեկի վրա հայ կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի պատվին հուշատախտակ է տեղադրվել, հայտնում է Sputnik Georgia-ն:
Նշվում է, որ հուշատախտակի տեղադրման հարցը քննարկվել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի կրթության և մշակույթի հանձնաժողովի կողմից և տրվել դրական հանձնարարական։ Այն տեղադրվել է Ուզնաձեի փողոցի 93 տան վրա, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է Արամ Խաչատրյանը։
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) նախագահ Գեորգի Տղեմալաձեն։
Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծել է Թբիլիսիում անցկացրած տարիների ազդեցությունը Խաչատրյան կոմպոզիտորի ձևավորման և կայացման գործում և շնորհակալություն հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությանն աջակցելու համար։
Իր հերթին՝ Գեորգի Տղեմալաձեն խոսել է վրացի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին և հայտարարել, որ անվանի կոմպոզիտորի հուշատախտակի բացումն այդ բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է։
Կոմպոզիտոր, դիրիժոր և ուսուցիչ Արամ Իլյայի Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Վրաստանում, Կոջորի գյուղում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է հին Թիֆլիսում։