Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի նստաշրջանի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նախարարությունից մանրամասնում են, որ տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը պահպանող և սերնդեսերունդ փոխանցող արհեստավոր ընտանիքներին, անհատ դարբիններին, դարբնությունը որպես կիրառական արվեստ-արհեստի ճյուղ դասավանդող մասնագիտական կրթական հաստատություններին, գեղարվեստական դարբնության նմուշները որպես քաղաքային մշակույթի յուրահատուկ տարր պահպանող ու ցուցադրող թանգարաններին, Գյումրի քաղաքի արհեստագործական ավանդույթների պահպանմամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և լայն առումով Գյումրի քաղաքի բնակիչներին, որոնք մինչ օրս պահպանում են դարբնոցում վարպետների պատրաստած իրեր պատվիրելու և գործածելու ավանդույթը։
Գերատեսչության գնահատմամբ՝ հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևոր իրադարձություն է Գյումրի քաղաքի մշակույթի արժևորման ուղղությամբ, մասնավորապես արհեստագործության այնպիսի ճյուղի, ինչպիսին դարբնությունն է։
«Այն կնպաստի դրա զարգացմանն ուղղված նոր գաղափարների ու ծրագրերի իրականացմանը՝ բարձրացնելով դարբնության միջազգային ճանաչելիությունը»,- շեշտում են նախարարությունից: