Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքներն սկսելը՝ կառուցվելիք հատվածներում կատարվում են պեղումներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Հաղորդում են, որ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում հնագիտական պեղումներ են կատարվել նաև Ագարակի հնավայրում։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումների արդյունքում հայտաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր, որոնց պահպանման նպատակով փոխվել է ծանապարհի կառուցման ծրագիրը, մշակվել է Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի նախագիծ, և ճանապարհը կառուցվում է նոր ծրագրով։
«Այն հատվածը, որտեղով այժմ անցնում է Հյուսիս-հարավը, դարեր առաջ բավականին խիտ բնակեցված տարածք է եղել: Աշտարակ-Թալին հատվածն անցնում էր հին Մետաքսի ճանապարհով, այսինքն՝ Հյուսիս-հարավ ծրագիրն ինչ-որ առումով կարելի է համարել Մետաքսի ճանապարհի վերագործարկում: Հնում այս ճանապարհը չի եղել լոկ հաղորդակցման միջոց, այն առևտրի, մշակույթների շփման, գաղափարական պատկերացումների փոխանակման ուղի է եղել։ Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում բացահայտվում են նաև Մետաքսի ճանապարհի հետքերը, վերականգնվում է այդ ճանապարհը՝ նաև նոր շունչ, կենդանություն պարգևելով»,- հայտնում են գերատեսչությունից։