ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնում է, որ Հայաստանում NETFLIX-ի ֆիլմեր ու սերիալներ են նկարահանվելու։
Պատգամավորի խոսքով՝ Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար:
«Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր: Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին: Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը»,- գրել է պատգամավորը:
Նա հիշեցրել է, որ սահմանված նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը: Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները:
Գաբրիելյանը հավելել է, որ Հայաստանը բավականին հարմար է ֆիլմարտադրության համար․ տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կարելի է ձյունոտ սարեր, շոգից հալվող ասֆալտ, գեղեցիկ ժամանակից շինություններ, փողոցներ, լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ գտնել։