ԱՄՆ Կինոարվեստի ակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի հավակնորդների կարճ ցուցակը 10 անվանակարգերում, որը տեղադրված է կինոակադեմիայի պաշտոնական կայքում։
«Միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 15 ֆիլմ, որոնց մեջ ներառված է նաև պրոդյուսեր Արման Նշանյանի և ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։
Նշենք, որ հայկական կինոարտադրության պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հայկական ֆիլմն ընդգրկվում է «Օսկար» մրցանակաբաշխության Short-list-ում։
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Արման Նշանյանը հայտնել է, որ սպասելիքներ ուներ, իսկ այսօր կարող է փաստել, որ սա արդեն իսկ հաղթանակ է:
«Իսկապես համամարդկային ասելիքով ֆիլմ է, փորձել ենք ցույց տալ, թե ինչպես պետք է սիրել միմյանց, լինել դրական: Ինչպես նաև մենք ցույց ենք տվել մեր ազգի հանդեպ տեղի ունեցած անարդարությունը, սակայն դա արել ենք նուրբ ձևով. «Օսկար»-ը չի սիրում երբ այն քաղաքականացնում են»,- նշել է նա: