Ավանդաբար Armenia Today-ը ամեն տարվա ավարտին հավաքում է տարվա ամենաշատ կարդացված գրքրի ցանկը՝ ըստ երևանյան գրախանութների: Ձեզ ենք ներկայացնում հայկական գրականության կարկառուն հեղինակների ամենաշատ կարդացված գրքերը՝ ըստ Ֆենիքս, Բուկինիստ գրախանութների:
Աշոտ Աղաբաբյան, Սև հովազ
Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ-1» գեղարվեստական վեպը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։ Այս վեպն առաջինն է, որում հեղինակն անդրադառնում է մեր ժամանակներին, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:
Գիրքը երևանյան գրախանութներում վաճառվում է 5000 դրամով:
Հովսեփ Վարդանյան, Ագապի
«Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավոր-
չական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության…
«Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել
էր անհայտության մեջ:
Գիրքը երևանյան գրախանութներում վաճառվում է 5300 դրամով:
Ալբերտ Նալչաջյան, Հայ ազգի ծագումը․ հայերի էթնոգենետիկական հայրենիքը և առաջնային տիրապետման իրավունքը
Հասկանալու համար՝ ով ես և դեպի ուր ես գնում, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից ես գալիս. «Հայ ազգի ծագումը» աշխատությունը նվիրված է հայ ազգի հոգեբանական պատմության՝ նրա ծագման և որպես էթնիկական հանրույթ, և որպես ազգ ձևավորվելու մի շարք սկզբունքային խնդիրների ուսումնասիրությանը: Հատուկ ուշադրություն է նվիրվել հայերի էթնոգենեզի սկզբնական փուլին, Հայկական լեռնաշխարհի՝ որպես իր էթնոգենետիկ հայրենիքի նկատմամբ անժխտելի առաջնային իրավունքի խնդրին: Ուսումնասիրվում են նաև այլ էթնոսների հետ հայերի առնչությունները և հայոց ազգային բնավորության որոշ խնդիրներ: Հայերի ծագման, որպես ազգ ձևավորվելու մասին առաջադրվող տեսակետն ամբողջությամբ մերժում է հայերի եկվորության մասին մտացածին և էթնոքաղաքական տեսակետից վտանգավոր, միանգամայն անընդունելի հակագիտական վարկածը:
Գիրքը երևանյան գրախանութներում վաճառվում է 5600 դրամով:
Նարինե Աբգարյան, Զուլալի
Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող եւ անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երա զանքները երբեւէ անպայման իրականություն են դառ նում…
Գիրքը երևանյան գրախանութներում վաճառվում է 4900 դրամով:
Լևոն Նես, Բալզակ. Մի շան պատմություն
Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը: Վիպակը, որ Լևոն Նեսի առաջին հայերեն ստեղծագործությունն է, շարադրված է առաջին դեմքով. գրական հնար, որ ուրույն հավաստիություն է հաղորդում պատմությանը:
Գիրքը երևանյան գրախանութներում վաճառվում է 2300 դրամով:
Թունելից 13 կմ հեռավորության վրա
Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի Պետական Համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ․․․
Գիրքը երևանյան գրախանութներում վաճառվում է 4800 դրամով: