Հայաստանն աշխարհի այն յոթ խոստումնալից գինեգործական տարածաշրջաններից է, որոնք պետք է լինեն իսկական գիտակների տեսադաշտում, հաղորդում է Wine Enthusiast-ը:
«Հայ գինեգործների համար հինը կրկին նոր է դարձել. Հայաստանում գինեգործության վկայություններն առնվազն 6000 տարվա վաղեմություն ունեն։ Այսօր հնագույն վայրերն ու խաղողը վերածնվում են»,- գրել է ամսագիրը։
Գինու սիրահարը նշել է, որ աշխարհի հնագույն գինեգործական շրջանները, ինչպիսիք են Հայաստանը և Իտալիան, դեռևս համարվում են խոստումնալից և գտնվում են վերափոխման փուլում՝ փոփոխվող քաղաքական և բնապահպանական գործոնների պատճառով:
«Աշխարհը կարող է ուղիղ եթերով հետևել, թե ինչպես ենք մենք ապրում հայկական գինու ոսկե դարաշրջանը»,- ասում է Հայաստանում առաջին հետխորհրդային գինեգործարանի՝ Van Ardi-ի ներկայացուցիչ Անի Մուրադյանը։
Նա ընդգծել է, որ գինու վերածնունդը Հայաստանում տեղի է ունենում իրական ժամանակում, քանի որ այդ ճյուղի վերականգնումը երկրում սկսվել է ընդամենը 15 տարի առաջ՝ խորհրդային տարիներին երկարատև անգործությունից հետո։
«Խորհրդային կառավարությունը 1920-ականներից լուծարել է Հայաստանում մասնավոր գինեգործական գործարանները, այդ ընթացքում երկրի խաղողի արտադրությունը համախմբվել է մրգային կոնյակներ արտադրելու համար»,- պարզաբանել է ամսագիրը։
Wine Enthusiast-ը նաև կարևորել է ամերիկյան շուկայում առկա հայկական գինիները և Զաք Արմենի կողմից հիմնադրված Storica Wines-ի դերն ԱՄՆ գինու ներմուծման ավելացման գործում:
2024 թվականին Հայաստանը կհյուրընկալի UNWTO համաշխարհային գինու զբոսաշրջության ութերորդ ֆորումը։ Նախկինում Forbes-ը նշել էր հինգ հայկական գինեգործարաններ, որոնք խորհուրդ է տալիս այցելել՝ ելնելով նրանց գինիների յուրահատկությունից, համից և խառնուրդից, խմորման և հնեցման եղանակներից և միայն մեկ կումով գինեգործության պատմությունը պատմելու կարողությունից: Simpe wine news-ը խոսել էր հայկական գինիների ակնառու օրինակների մասին։