Նյու Յորքի «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնում կցուցադրվեն 4К ձևաչափով վերականգնված հայկական ֆիլմեր, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի MoMA ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնի շրջանակում՝ հունվարի 28-ին, ժամը 13:30-ին և հունվարի 31-ին, ժամը 13:00-ին՝ կցուցադրվեն հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի՝ «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և «Երկիր Նաիրի» (1930 թ․) ֆիլմերը՝ 4К վերականգնված ձևաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ֆիլմերը 4К ձևաչափով վերականգնվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում։