Հայաստանի խորհրդարանը յոթերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկել է Հանրապետության ժողովրդական և վաստակավոր գործիչների պատվավոր կոչումները վերացնելու մասին կառավարության նախագիծը։ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով օրինագիծը, նշել է, որ պարտադիր չէ, որ պետությունը կազմակերպի պատվավոր կոչումների շնորհում, մասնագիտացված հասարակությունը պետք է կոչումներ և պարգևներ շնորհի կոնկրետ ոլորտում աչքի ընկած գործիչներին։
Նրա խոսքով՝ շատ երկրներում նման կոչումներ չկան, իսկ մասնագետների ու մշակույթի գործիչների խրախուսումը հիմնված է կոնկրետ արդյունքների վրա։ «Պատվավոր կոչումների շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբական մթնոլորտի վրա, իսկ կառավարության քաղաքականությունն ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը՝ չափելի և կոնկրետ արդյունքների վրա հիմնված գործիքակազմով: Օրինակ՝ վարկանիշային համակարգեր ստեղծելով, ոլորտային մրցանակաբաշխություններ իրականացնելով»,- հավելել է Հարությունյանը։
Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում վերջին հինգ տարիներին պատվավոր կոչում է ստացել 1181 մարդ։ Նա նշել է, որ նախկինում պատվավոր կոչումների արժանացած գործիչները ամսական ստանում են 40 հազար դրամ։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ պետությունը խնայելու առումով չի իրականացում ծրագիրը և կոչումներ ստացած անձինք շարունակելու են ստանալ այն գումարները, որոնք նախատեսված են օրենքով ու կառավարության որոշումներով: Նա հավելել է, որ արդեն տրամադրված կոչումներից չեն զրկվելու:
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն, իր հերթին, հայտարարել է Հայաստանի պատվավոր գործիչների շարքում մականունավոր անձանց առկայության մասին։ «Այստեղ այդպիսի ներկայացուցիչներ կան, չեմ ուզում անուններ տալ: Մականունավոր մարդիկ կան, որոնք երաժշտության ոլորտում վաստակավորի կոչում են ստացել»,- ընդգծել է նա։
Բանախոսը նշել է, որ պատվավոր կոչումները սահմանվել են խորհրդային տարիներին և շնորհվել՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ «Լուչանո Պավարոտտին կամ Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստներ չեն եղել, նրանք կան, եղել ու մնալու են որպես մարդկության համար արժեք»,- եզրափակել է Սիմոնյանը։