Ազգային ժողովը հունվարի 16-ի նիստում առաջին ընթերմամբ ընդունել է պատվավոր կոչումները չեղարկելու մասին Արդարադատության նախարարության նախագիծը։ Այն ընդունվել է 64 կողմ, 31 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
2023-ին շրջանառության մեջ դրված նախագծի համաձայն՝ Հայաստանում չեղարկվում են ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի կոչումները։
Նախարարության առաջարկով՝ կսահմանվի միայն ՀՀ վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքների փոխարեն բացասական է անդրադառնում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և մասնագիտությունների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա:
ԱՆ փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հունվարի 15-ի նիստում հայտարարել էր, որ կան կոչում ստացածներ, որոնց «հանրությունը, որպես այդպիսին, չի ճանաչում»։ Նման տեսակետ էր հայտնել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել էր, որ «ցանկում մականունավորներ կան, բայց էլիտաներ չկան»։